Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին հակահամաճարակային կանոնների խախտման վերաբերյալ 3 որոշում է ստորագրել։ Դրանց արդյունքում 24 ժամով դադարեցվել է 54 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն, ևս 2-ինը՝ 48 ժամով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից։
Կասեցված տնտեսվարողների թվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանմունքներից մեկը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի մասնաճյուղը, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակի և բաժանորդների սպասարկման բաժինը:
Տեսչական մարմինների ստուգման արդյունքում կայացվել է 4054 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է 41639 ստուգում, որից միայն 963-ը՝ նշված օրը: