2012 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 12-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 12-ին այդ առիթով հրավիրվել է ասուլիս, որի ընթացքում առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել են, թե ինչ է համապարփակ առողջապահական ծածկույթը, խոսել Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից դրա կարևորության վերաբերյալ:
Համապարփակ առողջապահական ծածկույթին հասնելն առողջության համաշխարհային գերակայություն է, որը ներառված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ԱՀԿ-ի սահմանադրության և մշակութային, տնտեսական և սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրում: Այս փաստաթղթերը շեշտում են բոլոր մարդկանց համար առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակի ապահովման կարևորությունը:
Համապարփակ առողջապահական ծածկույթը հնարավորություն կտա, որ յուրաքանչյուր անձ անկախ գտնվելու վայրից և ժամանակից օգտվի որակյալ առողջապահական ծառայություններից՝ առանց որևէ ֆինանսական դժվարությունների:
Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական ծառայությունները դեռևս մատչելի չեն։ Համաշխարհային առաջնորդները համաձայնել են, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ստանալ մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններ:
«Հայաստանի առողջապահության նախարարությունը, համակարծիք լինելով առողջապահության համընդհանուր հասանելիության գաղափարին, քայլեր է ձեռնարկում, որպեսզի մեր երկրի բնակիչների համար բուժօգնությունը դառնա ավելի մատչելի և հասանելի»,- նշել է առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«Հայաստանում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, իսկ պետական ծախսերը ցածր՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Առողջությանը պետք է առաջնահերթություն տրվի երկրում, պետք է ավելացվեն պետական ծախսերը ՝ բնակչությանը ֆինանսապես պաշտպանելու և առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու համար»,- ընդգծել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը:
Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար։
Apple-ը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգեր «հեղուկ ապակի» ձևավորմամբ
Apple-ն WWDC 2025 համաժողովի ընթացքում ներկայացրել է իր օպերացիոն համակարգերի նոր տարբերակները, որոնց ձևավորումը վերափոխվել է՝ ստանալով Liquid Glass («Հեղուկ...