Երևանում տեղի է ունեցել «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Միջոոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայումս ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուս»-ի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը:
ՀՀ կառավարության 2024թ. օգոստոսի 29-ի որոշմամբ հավանություն էր տրվել «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերության ներդրումային ծրագրին: Ավան վարչական շրջանում շուրջ 2 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով և 1 մլրդ դրամ ներդրման պայմանով տրվել է «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությանը: Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար հողատարածքն օտարվել է ընկերությանը՝ շուկայական գնով, 10 տարի տարաժամկետ վճարման և հինգ տարում 1,2 մլրդ ներդրում կատարելու պայմանով: Վերը նշված տարածքներում հիմնվելու են «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաները: