Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում անցկացված Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող Ջուլֆալակյանը (77 կգ) եզրափակչում 7:11 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին։ Մինչ այս հայ մարզիկը վստահ հաղթանակներ էր տարել Հոնդուրասի (8:0) և Վենեսուելայի (9:0) մրցակիցների նկատմամբ։
Առաջնությանը մասնակցել է նաև Բրազիլիան ներկայացնող մեկ այլ հայ ըմբիշ՝ Էդուարդ Սողոմոնյանը։ Քառորդ եզրափակչում նա 4։1 հաշվով հաղթել էր չիլիացի մրցակցին, սակայն հետո պարտվել կուբացի Օսկար Պինոյին։
Ջուլֆալակյանը Եվրոպայի (2009) և աշխարհի (2014) չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012): 2018 թվականի դեկտեմբերին նա ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով։ 2020 թվականի սեպտեմբերին մարզիկը հրաժարվել էր իր մանդատից՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ «իր իրավասության ներքո գտնվող տարածքների կառավարման մոտեցումների վերաբերյալ հիմնարար անհամաձայնությունների պատճառով»։
2021 թվականի հուլիսին Ջուլֆալակյանը պաշտոնապես հայտարարել էր պրոֆեսիոնալ մարզական կարիերան ավարտելու մասին։ 2025 թվականի հունվարին նա փոխել էր մարզական քաղաքացիությունը և սկսել մրցել Արգենտինայի դրոշի ներքո։