Իտալիայի սիրտը զարկում է սև ու կապույտ գույներով, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ 4։3 հաշվով տոնած հաղթանակից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Մենք տվեցինք ամեն ինչ։ Հավատացինք մինչև վերջ։ Միասնական՝ որպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ միասին, որոնք ամեն վայրկյան մեզ առաջ էին մղում։ Աննկարագրելի զգացողություններ են։ Միշտ առաջ, Ինտեր»,- գրել է Մխիթարյանը։
«Ինտերը» դուրս է եկել եզրափակիչ, որում ուժերը կչափի ՊՍԺ-«Արսենալ» զույգի հաղթողի հետ։ Եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին՝ Մյունխենում։ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա երկրորդ անգամ։
Կատալոնիայում կայացած կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ Մխիթարյանը խոսել էր հանդիպման մասին՝ այն անվանելով միևնույն ժամանակ և՛ բարդ, և՛ հիասքանչ։