Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան, հայտնել է մարզիկի լրատվական ծառայությունը։
Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանել է WBU վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և, միաժամանակ, դարձել միջազգային գոտու հաղթող։
Մենամարտը տեղի է ունեցել «Կռիլյա սովետով» հարթակում՝ լարված և լեցուն մթնոլորտում։ Սաքունցը հենց առաջին վայրկյաններից ցուցադրել է իր տեխնիկական և ֆիզիկական առավելությունները՝ վերահսկելով ռինգի յուրաքանչյուր վայրկյանը։ Երկրորդ ռաունդում հարվածների ուժեղ և ճշգրիտ շարքից հետո մրցավարը կանգնեցրել է մենամարտը՝ գրանցելով ադրբեջանցի մարզիկի նոկաուտը։
Մենամարտից հետո իր ելույթում Սաքունցը հաղթանակը նվիրել է հերոսական «Արաբո» ջոկատի մարտիկներին՝ նշելով, որ նրանց խիզախությամբ ոգեշնչվում է մինչ օրս։ Նա ընդգծել է, որ այս հաղթանակն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խորապես խորհրդանշական և ազգային նշանակություն է ստանում։
Փետրվարին Սաքունցը Չեխիայում հաղթանակ էր տարել չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2024 թվականի նոյեմբերին նա Չեխիայի բռնցքամարտի առաջանությունում հաղթել էր թուրք մրցակից Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին։