Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիբեկյանը ապրիլի 9-ին կայացած ասուլիսում վերահաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա այդ մասին հայտարարել է՝ չնայած նրան, որ Հայաստանի ազգային հավաքականի պարտությունների ֆոնին երկրպագուները շարունակում են պահանջել իր հրաժարականը։
Մելիքբեկյանն ընդգծել է, որ հատակապես Վրաստանից կրած պարտությունները ծանր են թե՛ ֆեդերացիայի, թե՛ մարզիչների և թե՛ ֆուտբոլիստների համար։
«Երկու տարի մենք նման խոշոր հաշվով ոչ մի պարտություն չենք ունեցել։ Մենք այս պարտությունները շատ ավելի ծաներ ենք տանում, քան շատերն, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են, իսկ իրականում կա մի զանգված, որը շատ է ուզում այդ պարտությունները տեսնել։ Մենք փորձում ենք պարտություններից հետևություններ անել, հասկանալ՝ որպես ֆեդերացիա ինչը կարող ենք ավելի լավ անել և խուսափել պարտությունից։ Տվյալ պարագայում կան պատճառներ, որոնք այժմ վերլուծում ենք»,- ասել է նա։
ՀՖՖ նախագահի խոսքով՝ Վրաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում չի ունեցել։
«Խաղից հետո շատ կարճ շփում ենք ունեցել, և վարչապետն ինձ ոչինչ չի ասել»,- հավելել է նա։
Ըատ Մելիքբեկյանի՝ իր և ՀՖՖ-ի գործունեության դեմ «մեդիա արշավ է իրականացվում», քանի որ, նրա խոսքով, «կան մարդիկ, որոնց համար ՀՖՖ նախագահի աթոռին հայտնվելը երազանք է»։
Նա բացառել է ՀՖՖ-ում կոռուպցիայի առկայությունը՝ այդ մասին լուրերը համարելով «մանիպուլյացիա»։
«ՀՖՖ-ում ոչ մի կոռուպցիայի մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին բոլոր հայտարարությունները մանիպուլյացիա են և որևէ փաստարկ չունեն։ Օրինակ՝ ՀՖՖ-ն նախորդ տարի իր ենթակա կազմակերպությունների հետ 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել պետությանը, ինչը մի քանի անգամ մեծ է նախորդ տասնամյակների ցուցանիշներից։ Ընդ որում՝ ՀՖՖ բյուջեն չի փոխվում, բայց ավելանում է հավաքականների, պրոֆեսիոնալ և մանկապատանեկան առաջնություն թիմերի քանակը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում, բայց մենք կարողանում ենք ոչ միայն հոգալ դրանք, այլև զարգացման հիմնաքարեր դնել»,- նշել է Մելիքբեկյանը։
Նա նաև մեկնաբանել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքական վերադառնալու հնարավորությունները։ Մելիքբեկյանը բացի հրապարակային հայտարարություններից,՝ այլ փակագծեր չի բացել։
«Մխիթարյանը հստակ պատասխանել է այդ հարցին, և ես չէի ցանկանա նրա փոխարեն պատասխանել»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Մելիքբեկյանը Մխիթարյանին «ՀՀ պատմության ամենաուժեղ և պրոֆեսոինալ ֆուտբոլիստն է» համարել՝ ընդգծելով, որ հետագայում ամեն ինչ կանի նրա անունով դպրոց ստեղծելու համար։
Վերջին ամիսներին հայ երկրպագուները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտություններից հետո պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը։ Մարտի 25-ին «Փաստ»-ը գրել էր, որ Փաշինյանն իր թիմին հանձնարարել է ֆուտբոլային հանրության հետ քննարկումներ սկսել՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, «ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու նպատակով։
Ապրիլի 3-ին Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում էր ընտրվել։
Դիտեք նաև Armenia Today-ի հարցումը՝ «Թիմային խաղի բացակայություն» և «ամեն ինչ արեցին». Երևանի բնակիչները գնահատում են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումների արդյունքները