«Ֆորմուլա 1»-ի հայտնի արշավորդ, գերմանացի Միխայել Շումախերի վիճակը տխուր է, հայտնել է գերմանական RTL հեռուստաալիքի թղթակից Ֆելիքս Գորները, որը Շումախերի ընտանիքին ամենամոտ լրագրողներից մեկն է և տեղեկատվության հուսալի աղբյուր, մեջբերում է Daily Mail-ը:
«Նա մշտական խնամքի կարիք ունի և լիովին կախված է իր խնամողներից: Շումախերն այլևս չի կարող բանավոր արտահայտել իր մտքերը»,- ասել է Գորները:
Նա նշել է, որ «ներկայումս Շումախերին հասանելիություն ունի ոչ ավել, քան 20 մարդ»:
«Իմ կարծիքով՝ դա ճիշտ ռազմավարություն է, քանի որ ընտանիքը գործում է Միխայելի շահերից ելնելով»:
2013 թվականին՝ պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո, Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկներ վարելիս: Տևական ժամանակ նա գամված էր անկողնուն և միացված էր թոքերի արհեստական օդափոխության սարքին։