ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներողություն է խնդրել երկրպագուներից՝ Թբիլիսիում մարտի 23-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո, որն ավարտվել է 1:6 հաշվով՝ հօգուտ Վրաստանի։
Այս մասին ՀՖՖ նախագահը հայտարարել է ՀՀ հավաքականի մարզիչ Ջոն վան’տ Սխիպի և հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի՝ խաղից հետո համատեղ հայտարարության ժամանակ։
Մելիքբեկյանը նշել է, որ ֆեդերացիայի ներկայացուցիչների, ֆուտբոլիսների և մարզիչներ հետ երկար զրույցից հետո խոստացել են միմյանց, որ կարող են առաջ գնալ։
«Պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր խնդիրները ներսում լուծել և հուլիսին ներկայանալ որպես մարտունակ թիմ։ Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար: Երկար զրույցից հետո եկել ենք այն որոշմանը, որ կարող ենք որպես մեկ թիմ առաջ գնալ՝ անկախ այն նեգատիվից, որը կա հայկական ֆուտբոլում», – ասել է նա։
Խաղից առաջ հայ երկրպագուները Թբիլիսիում Հայաստանի հավաքականին սատարող երթ էին իրականացրել։ Հայաստանի հավաքականի երկրպագուները հանդիպման ժամանակ «Դինամո Արենայում» բողոքի ակցիա էին անցկացրել՝ Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով։ Նրանք վանկարկել էին՝ «Մելիքբեկյան, հեռացի՛ր»։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։