Կիսապաշտպան Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից, Թբիլիսիում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։
Նրա խոսքով՝ Ռանոսը հարցրել է, թե արդյո՞ք խաղալու է հիմնական կազմում, ինչին մարզիչը պատասխանել է, որ հավանաբար ոչ։ Ըստ մարզիչի՝ Ռանոսը նշել է, որ ցանկանում է խաղալ հիմնական կազմում կամ չի լինի թիմում։
«Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը իրեն վեր կդասի թիմային շահերից»,- ասել է Սխիպը։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին` ժամը 18:00-ին, Թբիլիսիում։