Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթանակ է տարել չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հայտնել է մարզիկի մամուլի ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրել է մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։ Սաքունցը ցուցադրել է վերահսկված մարտավարություն՝ առավելություն ստանալով առաջին իսկ ռաունդից։
Հաղթանակից հետո Յուրի Սաքունցն իր հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ իմաստ։
Սաքունցը ուժային եռամարտի կրկնակի աշխարհի չեմպիոն է, ինչպես նաև բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։ Նա նվաճել է համաշխարհային ձեռնամարտի և Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսները։ Նրա բացառիկ նվաճումները վավերացվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ ութ անգամ արժանանալով համաշխարհային ճանաչման։