Թեթև քաշային կարգում UFC (Ultimate Fighting Championship)-ի վարկանիշային աղյուսակի թիվ մեկ հավակնորդ, խառը մենամարտերի ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը պատասխանել է հարցին, թե իր ռևանշն արդյոք կկայանա՞ UFC-ի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Իսլամ Մախաչովի հետ։
«Դա միանգամայն հնարավոր է։ Եթե Մախաչովը չանցնի միջին քաշային կարգի և շարունակի պաշտպանել թեթև քաշային կարգում իր տիտղոսը, ապա վստահ եմ՝ կհանդիպենք»,- հայտարարել է Ծառուկյանը։
Մարզիկը պատմել է նաև առողջական վիճակի, վնասվածքից վերականգնվելու ընթացքի մասին։
«Ինձ լավ եմ զգում։ Այժմ ապաքինվում եմ, բուժում եմ մեջքս: Ամբողջական մարզումներ դեռ չեն սկսվել։ Եթե բժիշկն ասի, ուրեմն կսկսեմ մարզվել»,- ասել է նա։
Խառը մենամարտերի UFC 311 մրցաշարը տեղի էր ունեցել հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը՝ Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ Առաջնության թեթև քաշային կարգում չեմպիոն Մախաչովը հաղթել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոյին և չորրորդ անգամ նվաճել չեմպիոնական գոտին: Մոյկանոն մարտի էր դուրս եկել Ծառուկյանի փոխարեն, որը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Մախաչևի դեմ մրցապայքարից։