Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ավստրիայի Լինց քաղաքում ընթացող WTA-500 մրցաշարի երկրորդ փուլ,
հայտնում է Championat.com-ը։
Առաջին շրջանի խաղում նա հաղթել է աշխարհի 53-րդ ռակետ, չեխ Կատերինա Սինյակովային։ Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով։
Լինցի թենիսի մրցաշարը տեղի կունենա հունվարի 27-ից փետրվարի 2-ը։
2024թ․ սեպտեմբերի 23-ին Կանանց թենիսի ասոցիացիան (WTA)
հրապարակել էր մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Ավանեսյանը բարձրացել էր երկու տեղով և առաջին անգամ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։
2024թ․ օգոստոսի 5-ին WTA-ն
հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը
մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր
ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։