Օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը շարունակում է հաղթանակների շարքը Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Արթուր Ալեքսանյանն այս անգամ 9:0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովին:
«Արթուր Ալեքսանյանը շանս չի տվել մրցակցին: Նա կիսաեզրափակչում է»,-ասված է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն այսօր հաղթել էր նաև Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը: