Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր 100-օրյա պաշտոնավարման մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիոլ Փաշիյանի գրառումը, թե «Գողը պետք է բանտում լինի, շատրվանների հետ խաղ չանի»։
Հուլիսի 27-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ քաղաքի գլխավոր շատրվանների տարածքում հնչում է Բոկայի (Բորիս Դավիդյան) «Դոլյա վորովսկայա» երգը։ Ավելի ուշ քաղաքապետարանը Գյումրու կենտրոնում գտնվող շատրվաններից երգի նվագարկումն անվանել էր տեխնիկական խափանում։
«Գիտե՞ք, ինչ կա, ես մշտական անցնում եմ, մշտական տեսնում եմ, քաղաքը ոտքով պտտվում եմ, դասական երաժշտությունը գիշեր-ցերեկ էնքան հաճելի է դրված»,- նշել է նա։
Ղուկասյանն այդ երգի նվագարկման մեջ իր դեմ գործելու միտում է տեսել՝ կապելով իր այսօրվա ասուլիսի հետ։ Նա նշել է, որ ինքը նաև երեկ երեկոյան էր շատրվանների տարածքում ու նման բան չի լսել։
«Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է լրանում, իրիկունը դիտավորյալ արեցին, որովհետև հիմա հաքերներն ինչ ասես՝ անում են, կարող է՝ էգուց էլ ադրբեջանական երաժշտություն դնեն»,- ասել է նա։
Ղուկասյանը, հիշեցնելով, որ նախքան գործող պաշտոնը նախկինում 10 տարի եղել է ԱԺ պատգամավոր, 13 տարի՝ կրկին քաղաքապետ, նշել է, որ քրեական աշխարհի հետ որևէ կապ չունի, իսկ երգն էլ իր հետ առնչություն չունի: