Գյումրի «Վարդանանց» հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի, քանի որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորված է, հայտնել է պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր: Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելն անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել՝ որոշել ենք զերծ մնալ մեծ միջոցառում կազմակերպելուց»,- գրել է նա Ֆեյսբուքում:
Մխիթարյանը հորդորել է մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում:
Իրավապահ մարմինները հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Սրբազանը չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը