Երուսաղեմում իսրայելցի երկու երիտասարդ կին փորձել է թմրանյութ օգտագործել Սուրբ գերեզմանի տաճարում, հայտնել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
Նշվում է, որ հուլիսի 23-ի երեկոյան ականատեսները նկատել են, որ «ակումբային հագուստով» երկու կին փորձում են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարի բակում ծխել։
Ներկաները նրանց դա թույլ չեն տվել անել, որից հետո կանայք շարժվել են դեպի 12-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական մատուռը և կրկին փորձել են վառել թմրամիջոցով լցված ծխախոտը։ Հայ քահանան և պատահական անցորդը, ըստ Բալյանի, հաստատակամորեն և հարգանքով խնդրել են նրանց հեռանալ։
«Պղծման այս փորձը, որը կատարվել է, չնայած բանավոր նախազգուշացումներին, միլիոնավոր մարդկանց համար սրբազան վայրում, պահանջում է համապարփակ հետաքննություն և խիստ իրավական միջոցներ տեղական իշխանությունների կողմից»,- գրել է Բալյանը: