Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, միևնույն ժամանակ, չի պնդել, որ միանշանակ բարձրանալու է։
Ճեպազրույցի ժամանակ նա շեշտել է, որ սակագինը բազմակոմպոնենտ թիվ է։
«Այն կախված է արտարժույթի կուրսից, տվյալ տարվա փաստացի բալանսներից, որովհետև էլեկտրաէներգիայի արտադրությունը պլանավորվում է, հետո վերջում այլ բան է ստացվում, հազար ու մի գործոն կա»,- ասել է նա։
Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ են Կարապետյանները (Սամվել և Նարեկ Կարապետյաններ-AT) բարձրացրել սակագինը, Մեսրոպյանը պատասխանել է, որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու կամ իջեցնելու որոշում կայացնում է հանձնաժողովը։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացումն ապահովող օրենքները։
Հուլիսի 23-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտնել էր, որ Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը՝ ՀԷՑ ընկերության պետականացման հարցով։ Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Կարդացեք նաև՝