Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի ներկայացուցիչները պահանջում են հրապարակել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող ռադիոկապի ձայնագրությունը, գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Տուժող կողմը պահանջում է հասարակությանը և քրեական վարույթի մասնակիցներին ներկայացնել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող՝ խոսակցությունները, հանձնարարություններն ամրագրող ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է»,- նշել է Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր էր։ «Պատկերացրեք՝ մետրոյի վագոնում նստած եք, երեք վագոն այն կողմ մարդու են վրաերթի ենթարկում, դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»,- ասել էր Փաշինյանը։
2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել հղի Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել։
2024-ի սեպտեմբերին Ասլանյանը տեղեկացրել էր, որ հսկող դատախազի որոշմամբ՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու վարույթը կարճվելու է, իսկ ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։ Միևնույն ժամանակ՝ նա նշել էր, որ բողոքարկելու է դատախազի որոշումը։
2024-ի դեկտեմբերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անօրինական էր համարել հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։