Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ամուսնացած հոգևորականներին անվանել է «իր եղբայրներ»։ Նա նրանց համարում է այդպիսին, «քանի որ նրանք չեն խաբում ո՛չ մարդկանց, ո՛չ Աստծուն», սոցիալական ցանցերում իր մոտեցումը բացատրել է Փաշինյանը։
Վարչապետը խոստովանել է, որ «նրանք անթերի չեն, բայց ինքն էլ առավել ևս անթերի չէ»։
«Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը և այդպիսով Եկեղեցին պղծելը` բոլորովին այլ բան»,- կարծում է Փաշինյանը։
Վարչապետը մայիսի 30-ի առավոտյան մի շարք գրառումներով ոչ հասցեական անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին մայիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում նրա հայտարարությունների ֆոնին, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին փոխարինելու կոչերից և հոգևորականների վերաբերյալ գրառումներից հետո՝ հունիսի 28-ին, Փաշինյանն առաջարկել էր հուլիսի 1-ից հրաժարվել հանրային ոլորտում թշնամական «փողոցային» հռետորաբանությունից: