Մենք կարող ենք աջակցել գերության մեջ գտնվողների ազատ արձակմանը և տեղափոխմանը, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան, հայտարարել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը՝ անդրադառնալով գերիների ազատման մասին հարցին։
«Որպես չեզոք միջնորդ, մենք կարող ենք աջակցել ազատազրկված անձանց, ռազմագերիների կամ գերության մեջ գտնվողների ազատ արձակմանը և տեղափոխմանը։ Բայց կարող ենք դա անել միայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ գերիների հարցը միակն է, որտեղ Ադրբեջանի հետ ընդհանրապես կառուցողական խոսակցություն ունենալ չի ստացվում։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ Ադրբեջանում գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։