Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը, Շվեյցարիայում կազմակերպված «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումն Արցախում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ, պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։
«21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այսօրինակ անօրինություններն ու դաժանությունները պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,- նշել է կաթողիկոսը։
Նա ընդգծել է, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022թ․ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը»,- հավելել է Վեհափառը։
Կաթողիկոսն իր ելույթում ընդգծել է, որ ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ: Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն՝ ուղղված Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությանը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը և հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանը։