Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է, քանի որ շուրջ երկու ամիս նրան չեն թույլատրել կապ հաստատել ընտանիքի հետ, X-ի էջում գրել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
«Էուլջեքջյանի պահանջն է զանգահարել կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում»,- ասված է հաղորդագրությունում։
Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ներկայացնելով Վիգենի վիճակն ու կոչ անելով քայլեր ձեռնարկել, ինչպես նաև հիշեցնում է, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է` պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։
«Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք` կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի հետ։ Փետրվարի 21-ից Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապից»,- ասվում է նամակում։
Շեշտվում է՝ հաղորդակցվելու իրավունքի ապահովումը ոչ թե առավելության տրամադրում է, այլ բարոյական և օրինական պարտավորություն։
Էուլջեկչյանն Ադրբեջանի կողմից գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ 2021 թվականի հունիսին նա ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ Նրա անունը դեկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված վերադարձող գերիների ցուցակում էր, սակայն բացակայում էր դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի հրապարակած վերջնական ցուցակից։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին մեկնաբանել Հայաստան վերադարձած բանտարկյալների թվում Էուլջեկչյանի բացակայության պատճառները։