Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղի բնակիչներն ապրիլի 27-ին մոտ մեկ ժամ փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ բողոքելով տրանսպորտի թանկացման որոշման դեմ, հայտնում է «Ազատությունը»։
Այդ քայլով նրանք իրենց բողոքն են արտահայտել տրանսպորտային նոր փոփոխությունների դեմ:
«Ըստ դրանց՝ Երևան և Աշտարակ հասնող տրանապորտը թանկանալու է: Ընդ որում՝ մայրաքաղաք հասնելու համար համար նրանք պետք է կրկնակի վճարեն»,- ասված է հրապարակման մեջ։
11։34
Shamshyan.com-ն ավելի ուշ գրել է, որ Կոշ գյուղի խաչմերուկի մոտ բողոքի ակցիային մասնակցում են ավելի քան 15 գյուղի բնակիչներ։
«Մենք պահանջում ենք, որ կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը վերանայեն որոշումն ու չեղյալ հայտարարեն այն, քանի որ այն իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար»,- ասել են բնակիչները։
Նրանք հայտնել են, որ որոշման արդյուքնում թանակցումից բացի այլ խնդիր կա։ Բնակիչների խոսքով՝ եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, որտեղից իրենք երթուղի չունեն դեպքի Երևան։
«Առաջ մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասել ենք, իսկ նոր ծրագրով ահավոր վիճակ է։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Բայց պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդիր»,- կայքին ասել են բնակիչները։
Կայքի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, որը նշել է, թե «պատրաստ է դիմել կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի շահ քաղաքացու»։
Ապրիլի 22-ին Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչներն ակցիա էին իրականացրել և մերժել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ դեպի Երևան ավտոբուսային երթուղին փոխելու առաջարկները։ Ապրիլի 5-ին նրանք բողոքի ակցիա էին իրականացրել թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսների կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Ի նշան բողոքի՝ նրանք ժամանակավորապես փակել էին Երևան-Աշտարակ մայրուղու հատվածը: