Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դավթաշենի շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչներին վստահեցրել է, որ բացառվում է տվյալ հասցեից առանձնացված շուրջ 4000 քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ըստ քաղաքապետարանի՝ այս մասին նա հայտնել է այդ հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ավինյանը նաև պատրաստակամություն է հայտնել օժանդակել Միկոյան 64-ի և առանձնացված 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում:
Հանդիպման շրջանակում բարձրաձայնվել են բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն, ու հնչել առաջարկներ հնարավոր լուծումների վերաբերյալ:
Ապրիլի 14-ին Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչները փակել էին Եղվարդի խճուղին՝ բողոքելով իրենց նկատմամբ, իրենց բնորոշմամբ, ապօրինությունների, կոռուպցիայի, ամենաթողության դրսևորումների դեմ։ Նրանք պահանջում էին ապահովել գնման իրավունքներով սահմանված 3,37055 հեկտար հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Բացի այդ, բնակիչները պահանջում էին այդ հողամասից 0,4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական տալ և գործարքը չեղարկել։