Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողության ուղղությամբ իրականացված աշխատանքին, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների բարեվարքության համակարգում ներդրված օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Մանրամասներ են ներկայացվել հայտարարագրման, հայտարարագրերի վերլուծության, ծանուցման գործընթացների արդյունքների վերաբերյալ և այլն:
Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն կրթության քաղաքականությունը և ընդգծել, որ ռազմավարական որոշումներ են կայացվել՝ պետական գերատեսչություններում հակակոռուպցիոն ընկալումների մեծացման նպատակով հաղորդակցություն ապահովել ուղղությամբ:
«Դրա կարիքը, միանշանակ, կա, որովհետև մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի և նրա տարբեր դրսևորումների մասին ամեն անգամ և որոշակի պարբերականությամբ թարմացնելը շատ կարևոր է»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարևորագույն նախադրյալներից է ոչ միայն քաղաքական կամքը, այլև ինստիտուտների զարգացումը:
Ըստ հաղորդագրության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման և դրա հետ կապված ընդհանուր միտումների վերաբերյալ: