ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար, նշել է ծառայությունը։
Վանաձոր-Սպիտակ (մինչև 12-րդ կմ), Վանաձոր-Ձորագետ, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան (մինչև ոլորաններ) ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
«Մեղրու սար» կոչվող հատվածը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Լոռու և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի ոլորանները և Տավուշի մարզի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։
Ճանապարհային դեպարտամենտի տեղեկությամբ՝ Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի (բացի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներից), Լոռու և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն, իսկ Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։