ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:
Գերատեսչության տվյալներով՝ Կոտայքի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Արագածի, Ապարանի, Աշտարակի, Աշոցքի տարածաշրջաններում, Երևան-Սևան, Գորայք-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աշտարակի, Թալինի տարածաշրջաններում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։