Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հյուրանոցատերերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենց հյուրանոցները պետք է ունենան մուսուլմանների համար աղոթարաններ, հակառակ դեպքում նրանք կզրկվեն լիցենզիայից, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հավաքվածներից ոմանք առարկել են, որ սահմանված չափորոշիչները նման պահանջ չեն պարունակում, սակայն Գևորգյանը նորամուծությունը հիմնավորել է նրանով, որ «Հայաստանը մտնում է արաբական շուկա, սա պարտադիր է»։
«Հյուրանոցների սեփականատերերը կասկածում են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, ովքեր մոտ ապագայում կարող են անվճար մուտք գործել Հայաստան»,- նշում է կայքը։
«Հրապարակ»-ին չի հաջողվել կապ հաստատել Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի հետ։ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն, հրապարակմանը հայտնել են, որ հարկադրանք չկա։
«Ընդամենը «հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի և մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ Պարսից ծոցի ներկայացուցիչների համար: Ներկաներին ասվել է, որ իրենց զբոսաշրջիկների համար ցանկալի կլինի, եթե ունենան նման հատվածներ, բայց իրենք ազատ են` կարող են ունենալ, կարող են չունենալ»,- գրում է կայքը։
2023 թվականի հոկտեմբերի 17-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրանց խոստացել էր «վերադառնալ» Սյունիքի մարզ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։ Ապրիլին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր 20-րդ դարում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հեռանկարը և նշել, որ դա հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքմամբ։
2024 թվականի հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների գեներացում էր անվանել։ Ալիևը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձին» հասնելու ծրագրերի մասին։ Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում էսկալացիայի ռիսկը կապել էր դրա համար գաղափարական հիմքի ստեղծման հետ, որը «վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունն է։ Ըստ քաղաքագետի՝ Բաքուն այս հայեցակարգն օգտագործում է Հայաստանը հնարավորինս թուլացնելու իր փորձերի շրջանակում, և դա ուզում է անել հնարավորինս շուտ, քանի դեռ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել։