Քաջարանի Պոչամբար թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել, կա 8 բերման ենթարկված, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Խոսնակը միջադեպի մասնակիցների և պատճառների մասին այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով, որ մյուս հանգամանքները կպարզվեն վարույթի շրջանակում։
Ավելի ուշ ԶՊՄԿ-ն հայտնել էր, որ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Ըստ ընկերության՝ միջադեպը տեղի է ունեցել ԶՊՄԿ տարածքից դուրս։
ԶՊՄԿ-ի աշխատակիցները հունվարի 31-ից կոմբինատի տարածքում բողոքի ակցիա են իրականացնում։ Ընկերության մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ակցիայի մասնակիցներն աշխատավարձի «անիրատեսական բարձրացում են պահանջում՝ 50 տոկոս»։ Մարգարյանը հավելել էր, որ կոմբինատի աշխատանքների դադարեցման արդյունքում կազմակերպությունը նյութական վնաս է կրել և զգուշացրել է հնարավոր բնապահպանական ռիսկերի մասին։
ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։