Հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել, հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ըստ նրա՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, որը ներդրվել էր 2024 թվականի ընթացքում։
Կոստանյանի խոսքով՝ ծառայությունը կատարում է երթուղիների հաճախականության վերահսկման, հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկման, վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովման, ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկման և աջակցող գործառույթներ։
«2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»,- գրել է Կոստանյանը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չչեղարկել բոյկոտը։ Թևանյանը տրանսպորտի գնի վերաբերյալ իշխանության քաղաքականությունը «թուրքական բազար» էր որակել և կոչ արել շարունակել ճնշումը։