Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ոչ միայն առանց թիկնապահների ու դիպուկահարների ոչ մի քայլ չի անում, այլև այժմ հասարակական վայրերում անգամ սննդին մոտ չի գնում, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ դա բացատրվում է վարչապետի մտավախություններով, որ իրեն կարող են թունավորել։
«Ներկուսակցական, ներիշխանական խնջույքներից մի քանի օր առաջ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մանրակրկիտ ճշտում են մենյուն, իսկ խնջույքի օրը հերթապահում խոհանոցում, հետևում են, թե ինչպես են սնունդը պատրաստում և մատուցում Փաշինյանին»,- գրում է թերթը։
Հունվարի 6-ին Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տվել, թե ինչպես է պատրաստում Սուրբծննդյան նախաճաշը։ «Ամանորյա սեղանից մնացած ամեն ինչ կկտրենք»,- խորհուրդ էր տվել նա։ Պատրաստելով ուտեստը՝ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ համտեսել էր այն անմիջապես թավայից։