Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն են հայտնել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,- գրել է վարչապետը Ֆեյսբուքում։
«Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Աստված թող հոգին լուսավորի»,- Տելեգրամում գրել է Սիմոնյանը:
«Հայաստան» խմբակցությունը հաստատել է պատգամավորի մահը և ցավակցություն հայտնել։ «Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ»,- ասվում է խմբակցության հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ հունվարի 13-ին Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում ձորն ընկած մեքենայի մեջ, նախնական տեղեկություններով, հայտնաբերվել է Սահակյանի մարմինը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Սահակյանին երեկվանից էին որոնում:
Սահակյանը 36 տարեկան էր։ Նա 2016 թվականից ՀՅԴ անդամ էր։ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած էր, ուներ չորս զավակ: