Օգոստոսի 1-ին Երևանում կբացվի նկարիչ Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ) ցուցահանդեսը։ «Երկխոսություն՝ գույներով» ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 15-ը, Instagram-ում հայտնել է նկարիչը։
Կոստանդյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքից է։ Նրա կտավները շոշափում են հայրենիքի, արվեստի ու քրիստոնեության, լեռնային կյանքի ու ազատության, ինչպես նաև կարոտի ու բաժանման թեմաները։ Կապանցի նկարչի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում քաղաքային լանդշաֆտները և լեռնային շրջանների մարդկանց առօրյայի ցուցադրությունները։
«Այս նկարը նկարել եմ 16 տարեկանում։ Մեր փոքրիկ Կապանում մի հին թաղամաս կար՝ փոքրիկ հին տներով, որոնք նման էին խրճիթների։ Հաճախ էի գնում այնտեղ ու նկարում…»,- «Հին թաղ» նկարի նկարագրության մեջ գրել է հեղինակը։ Աշխատանքների այս շարքը ներառում էր նաև «Փողոցային երաժիշտ», «Առլեկին», «Աշունը լեռներում» և «Փողոց մաքրողը»։
2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոստանդյանը երեք կտավ է նկարել՝ նվիրված պատերազմին։ «Ես ցանկանում եմ, որ արտիստները, բանաստեղծները, կատարողները, երաժիշտները միավորվեն և իրենց աղաղակով դադարեցնեն այս պատերազմը»,- ասել էր նկարիչը BBC News-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։
Նկարները կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միությունում` Աբովյան 16 հասցեում, ասվում է հայտարարության մեջ։
Մուտքն անվճար է։