Հայաստանում հուլիսի 5-ին նշվելու է Սահմանադրության և պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի օրը։ Այս օրը Երևանում տեղի կունենան քայլերթ, համերգներ, վազքի մրցույթ, ինչպես նաև տարբեր միջոցառումներ, հայտնում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը։
Տոնակատարությունը կսկսի հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը՝ Երևանի կենտրոնական փողոցներում եռագույն վազքով։ Վազքը կմեկնարկի ժամը 00:00-ին՝ Հանրապետության հրապարակից։
Շահումյանի հրապարակում ժամը 17:00-ին տեղի կունենա «Make it tricolor» միջոցառումը, որի ընթացքում Dj Real9-ի և Dream Beat Band-ի երաժշտության ներքո քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը կարող են միմյանց վրա Հայաստանի դրոշի գույներով փոշի լցնել։
Ժամը 19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի ավանդական տոնական քայլերթը, որին մասնակցելու են Հայաստանի տարբեր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից։ Քայլերթին կուղեկցեն ՆԳՆ նվագախումբը և Երևանի թմբուկների համույթը, ասվում է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամը նշել է, որ 2010 թվականից մինչև 2023 թվականը տոնակատարություններին մասնակցել է մոտ 70 հազար մարդ։
Տոնական համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում և կմեկնարկի ժամը 20:00-ին։ Քաղաքացիների համար ելույթ կունենա Aristocrat Orchestra-ն ու Katil Band-ը։
Սահմանադրության օրը Հայաստանում նշվում է ամեն տարի հուլիսի 5-ին։ 1995 թվականի այս օրը Սահմանադրության նախագիծը ներկայացվել էր համապետական հանրաքվեի և հաստատվել ժողովրդի կողմից։