ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանն ուղերձում ընդգծել է, որ Չեքիջյանի ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում:
«Իբրև արժանավոր արվեստագետ՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում: Ձեր գործունեությունն ուսանելի է բոլորի համար։ Տարիներ շարունակ Դուք և Ձեր գլխավորած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն աշխարհի լավագույն բեմահարթակներում արժանապատվորեն ներկայացնում եք հայ երգչախմբային արվեստը»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ուրախ է, որ այսօր Մաեստրոն ողջ եռանդով շարունակում է աշխատել: Վերստին շնորհավորելով հոբելյանի առիթով՝ Փաշինյանը մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք: