Այս պահի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած 12 քաղաքացի աջակցություն ստանալու համար, ծրագիրը դեռ բաց է: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Նա նշեց, որ հընթացս դիտարկվում են ստացված նոր դիմումները և ըստ ընթացակարգի տրամադրվում:
Նախարարը նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը նույնպես աջակցություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել:
«Այդ մասը թողել ենք ազատ, որպեսզի իրենք որոշեն, թե աջակցության որ մոդելը կընտրեն»,- ասաց Մկրտչյանը:
Նա նաև հայտնեց, որ համագործակցությունը ԱԻՆ-ի հետ նույպես շարունակվում է՝ տուժածների հոգեբանական աջակցության ուղղությամբ:
Նախարարը հիշեցրեց, որ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում հաստատված որոշման համաձայն՝ մինչև երեք օր հոսպիտալացված անձինք կստանան 150 հազար դրամ (360 դոլար), երեք օրից ավելի՝ 300 հազար դրամ (720 դոլար) պետական աջակցություն։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները և ֆիզիկապես տուժած քաղաքացիները ֆինանսական աջակցություն կստանան։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացի ստացել էր մարմնական տարբեր վնասվածքներ: