Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան Տեր Եսայի քահանա Արթենյանն իր Facebook-յան էջում գրել է.
«Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:
Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել: Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները միանալու են հանրահավաքին:
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են սկսվել: