Երեկ՝ մարտի 3-ին, ռուսական «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Այս մասին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։
Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:
Կոմիտեն տեղեկացնում է, որ ինքնաթիռը չի կալանվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը:
Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ:
Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի:
Հիշեցնենք, որ մամուլում, վկայակոչելով «Авиаторщина» Telegram ալիքը, տեղեկություն էր տարածվել, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։