Կառավարությունը հավանություն տվեց Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որը կուղղվի Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին։
Նախատեսվում է վճարումներ կատարել «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագրի իրականացման շրջանակներում ներառված «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների, Ջրառ հանգույցների և Ջրի փոխադրող համակարգի նախագծում և կառուցում» շինարարության տեխնիկական վերահսկողության խորհրդատու «Արտելիա» կազմակերպությանը։
Որոշման նախագծում ասվում է, որ գումարն անհրաժեշտ է նախագծային լուծումների փոփոխության, խորհրդատուի անձնակազմի նախատեսվածից ավելի շուտ շինարարության վերահսկողության աշխատանքներում ներգրավվածության, արագացված ժամանակացույցով աշխատելու և այլ աշխատանքների իրականացման համար։
ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԶՖԳ առաջարկել է տրամադրել 394,4 հազ. Եվրո դրամաշնորհային միջոցներ։ 2021 թվականին ՀՀ ՖՆ և ԶՖԳ միջև օրենքով սահմանված կարգով սկսվել է դրամաշնորհային միջոցների տրամադրման գործընթաց։
Նախ ստորագրվել և ուժի մեջ է մտել № 2 համաձայնագիրը, որով նախատեսվում էր տրամադրել 192,030.0 Եվրո դրամաշնորհային գումար, ապա մնացած 202,308.0 Եվրո դրամաշնորհային գումարի տրամադրման համար ստորագրվել է մյուս համաձայնագիրը։
Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքի ապահովման համար խորհրդատուի վճարումների լիարժեք կատարման համար անհրաժեշտ է 2022թ. ՀՀ պետական բյուջեում ընդգրկել վերոնշյալ միջոցառումը և կատարել համապատասխան միջծրագրային և միջհոդվածային վերաբաշխումներ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրականացրած միջոցառումների ֆինանսական միջոցների վերաբաշխմամբ կապահովվի Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքը: