2021-ի ընթացքում մենք ավարտեցինք մեր դատաբժշկական բոլոր կենտրոնների դիահերձարանների վերանորոգման աշխատանքները։ Այս պահին գոյություն ունեցող բոլոր դիահերձարանները համապատասխանում են բոլոր չափորոշիչներին, դրանք կահավորված են բոլոր սարքավորումներով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա աղմկահարույց դեպքերին, երբ զինվորների մարմինները պարկերի մեջ էին գտել։
«Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկել ենք Հոլանդիա, ստացել ենք փորձաքննության արդյունքները։ Այս պահին կարելի է ասել, որ նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտված է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կան մասունքներ, որոնք նույնականացված են, բայց դեռ հուղարկավորված չեն:
Նրա հավաստմամբ՝ մարմինների ԴՆԹ հետազոտման, նաև նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է։
«Դեռ ունենք դեպքեր, երբ նույնականացումը ավարտվել է, բայց անգամ մի քանի կրկնվող հետազոտությունների արդյունքների պարագայում էլ հարազատներն իրենց մեջ մասունքը տանելու և հուղարկավորելու ուժ դեռ չեն գտնում: Մենք հասկանում ենք, որ սա շատ ցավոտ, դժվար պրոցես է։ Հիմա թե՛ քննչական կոմիտեն, թե՛ այլ պատկան մարմինները զբաղվում են, որ ընթացքը հնարավորինս արագ ավարտին հասցնենք»,- ասաց Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ հետպատերազմյան շրջանում նախորդ տարի հերթական աղմկահարույց տեղեկությունը ցնցեց հասարակությանը։ Խոսքը տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակած լուսակարի մասին է, որտեղ դիահերձարանի սենյակներից մեկում հատակին Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած զինծառայողների՝ պարկերի մեջ դրված մարմիններ էին։ Համապատասխան լուսանկարների հրապարակումից հետո այդ ամենը հաստատեց Առողջապահության նախարարությունը։