Հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվի գրքի չորրորդ փառատոնը: Այս մասին Armenia Today-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից։
Աղբյուրը նշում է, որ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Հայաստանի նկարիչների միության շենքում: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի և գրականության անվանի գործիչներ: Գրքի փառատոնի կարևոր բաղադրիչներից է գրական մրցույթը, որն անցկացվում է «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում։ Այս տարի մրցույթին ներկայացվել է 146 հայտ։ Պրոֆեսիոնալ ժյուրին՝ գրականագետ, գրող և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի գլխավորությամբ, բարդ ընտրություն է կատարելու:
Հիշեցնենք, որ Երևանի գրքի փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և իրականացվում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպության կողմից: Փառատոնի բացումը կնշանավորի 30-ից ավելի հայկական հրատարակչությունների մասնակցությամբ եռօրյա գրքի տոնավաճառի մեկնարկը, որոնց գրքերը կարելի է ձեռք բերել աննախադեպ՝ 40% զեղչով: