Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն: Խոսքը վերաբերում է նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված, վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին:Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ընդ որում նախատեսվում է օրենքի դրույթներին տալ հետադարձ ուժ, և կկիրառվի 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա: Սա նշանակում է, որ, օրինակ, խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար: