Ոստիկանությունն արգելել է արցախցիների հանրահավաքի մասնակիցներին վրան տեղադրել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ բանակցություններից հետո ոստիկանությունը նաև թույլ չի տվել երթի անցկացումը։ Պողոսյանը նշել է, որ խորհրդի անդամները մնում են հրապարակում և կոչ է արել քաղաքացիներին, հասարակական և քաղաքական գործիչներին աջակցել ակցիային։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պայմաններով են արցախցիները դադարեցնելու ակցիան, Արցախի պետնախարար և ԱԻՊ խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ խորհուրդը կքննարկի կառավարության հնարավոր ազդակները և հանդես կգա հայտարարությամբ։
Նա նաև հայտնել է, որ ոստիկաններին մտահոգել է ԱԻՊ խորհրդի՝ անհնազանդության ակցիաների մասին հայտարարությունը։
«Փոխոստիկանապետն այն կարմիր գծերն էր նշում, որ ոչ միայն երթ, այլև վրան չպետք է տեղադրվի։ Մենք փորձեցինք ներկայացնել, որ տեղի է ունենալու միայն խաղաղ ակցիա, բայց ինչպես տեսնում եք՝ անօգուտ։ Նրանց մտահոգել է խորհրդի հայտարարությունը, այս դեպքում՝ անհնազանդությունները»,- ասել է Իսկանդարյանը։
Նա չի մանրամասնել, թե ինչ պայմաններով է դադարեցվելու ակցիան։ Իսկանդարյանը նշել է, որ իշխանությունների հետ նախորդ բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ամսվա ընթացքում բարեփոխել արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը։ Նրա խոսքով՝ որոշ փոփոխություններ տեղի են ունեցել, բայց դրանք բավարար չեն։
Ավելի վաղ ԱԻՊ խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը հայտարարել էր, որ Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները կսկսեն անժամկետ նստացույց։
Խորհուրդը հանրահավաքի մասին հայտարարել էր հունիսի վերջին և Հայ Առաքելական եկեղեցուն, Կիլիկիայի կաթողիկոսարանին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, Արցախի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին, արցախյան իշխանություններին և ամբողջ հայ ժողովրդին կոչ էր արել միավորվել արցախյան գաղափարի շուրջ և այդ հարցը դարձնել համահայկական օրակարգ։ Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել արցախցիների հանրահավաքից հետո նախատեսված հնարավոր երթի և նստացույցի համար։