Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում՝ վկայի կարգավիճակով, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ սա վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ հարցաքննությունն է:
«Լինելով բազմազբաղ՝ 4-5 ժամ տևող հարցաքննությունից անգամ Շահրամանյանը չի խուսափում»,- շեշտել է նա։
Փաստաբանը նշել է, որ Շահրամանյանը հարցաքննվել է թվով 3 վարույթի շրջանակում, որոնք հարուցվել են, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո արցախահայությունը բռնի տեղահանվել է Հայաստան։ Նա խուսափել է գործերի շուրջ մանրամասներ հայտնել, սակայն նշել է, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի հրապարակային արված հայտարարության հիման վրա։
«Գործի շրջանակներում քննիչը մեզ զգուշացրել է նախաքննության ընթացքում գործի մանրամասների հրապարակման անթույլատրելիության մասին»,- պարզաբանել է նա։
Երիցյանը տեղեկացրել է, որ Շահրամանյանի հաջորդ հարցաքննությունը տեղի կունենա հունիսի 6-ի առավոտյան։
Փաստաբանը չի բացառել, որ Շահրամանյանի նկատմամբ կարող է մտացածին քրեական հետապնդում սկսվել, սակայն չի պարզաբանել՝ ներքաղաքակա՞ն, թե՞ արտաքին քաղաքական դրդապատճառներով։ Նա բացատրել է, որ իր հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ գործի քննության ընթացքի վրա։
Մայիսի 30-ին Երիցյանը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն Արցախի նախագահի ձերբակալության մասին։ Փաստաբանը հիշեցրել էր, որ Շահրամանյանը որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, և նշել, որ նրա դեմ գործ չի հարուցվել։
Շահրամանյանի դեմ 2024-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել, ըստ որի՝ նա, պարտավոր լինելով իր ծառայողական մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, յուրացրել է։