Արցախցի երեխաներին վիզա չեն տրամադրել՝ կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, հայտնում է ArmLur.am-ը։
«Վերադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պետրոսյանը թերթին հայտնել է, որ արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը։ Մարզիկները պետք է մասնակցեին մայիսի 1-3-ը Հունգարիայում նախատեսված Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը։
Նրա խոսքով՝ դեսպանատունը բացատրել է, որ չեն կարող թույլատրել արցախցիների մուտքը, քանի որ Հայաստանի և ԵՄ երկրների միջև պայմանավորվածություն կա կնքված։
«Ըստ այդ պայմանավորվածության՝ 070 կոդ ունեցող անձնագրերով մարդիկ չեն կարող եվրոպական երկրներ այցելել։ Այս ամենից ելնելով՝ դիմել եմ ՀՀ ԱԳՆ։ Իրենք էլ նույն պատասխանն են ասել։ Ինչպես հայտնել են, միայն Ֆրանսիան և Գերմանիան հնարավոր է թույլատրեն, մնացած երկրները, հատկապես Մերձբալթյան, վիզա չեն տրամադրում»,- ասել է մարզիչը։
Պետրոսյանը շեշտել է, որ մարզիկներից ոմանք 070 կոդով Լիսաբոնում մասնակցել էին Եվրոպայի առաջնությանը, տարբեր մրցաշարերի ու մրցանակային տեղեր զբաղեցրել։
«Ստացվում է, որ ՀՀ իշխանության ձեռքին է ամեն ինչ, եթե իրենք չդիմեին այդ խնդրով, որ 070 կոդով չպետք է թույլատրել, ապա որևէ խնդիր չէր լինի, քանի որ այդ նույն երեխաներից շատերը 070 կոդով գնացել-եկել են եվրոպական քաղաքներ»,- հավելել է Պետրոսյանը։
2024 թվականի օգոստոսին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ահազանգել էր, որ Արցախյան 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիներին Շենգենյան վիզաներ չեն տրամադրում։