Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու համար, հայտնում է կազմակերպության կայքը։
ԵՀԽ զեկուցող Անի Ղազարյան Դրիսին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում, հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել կատարել միջազգային իրավունքով նախատեսված իրենց իրավական պարտավորությունները՝ պաշտպանել մարդու արժանապատվությունը և ապահովել արդարությունը։
«Մենք կրկնում ենք, որ բոլոր ապօրինի ձերբակալվածները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Մարդկանց երկարատև կալանավորումը՝ խախտելով պատշաճ ընթացակարգերը և երաշխիքները, խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղություն և հաշտեցում ապահովելու ջանքերը»,- ասել է նա:
Դրիսին հիշեցրել է, որ հայ գերիներից շատերը ենթարկվել են խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչը փաստագրվել է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։