Ուղիղ 37 տարի առաջ այս օրը՝ 1988 թվականի փետրվարի 27-ին, Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում սկսվել է հայ բնակչության զանգվածային բնաջնջումը, որն ուղեկցվել էր թալանով և նրանց ունեցվածքին վնաս պատճառելով։ ԽՍՀՄ ղեկավարության անգործության պատճառով եռօրյա ջարդերի ընթացքում վիրավորվել ու սպանվել էին մի քանի տասնյակ մարդիկ, ոմանք մահից առաջ ենթարկվելով դաժան խոշտանգումների։
Armenia Today-ը հավաքագրել է այս սարսափելի հանցագործության մասին պատմական փաստեր, որոնք շատ կարևոր է իմանալ՝ ադրբեջանական մանիպուլյացիաներին հակադարձելու համար։
Ադրբեջանի արձագանքն Արցախի ժողովրդավարական զարթոնքին
1980-ականների վերջերին Գորբաչովյան Վերակառուցման քաղաքականության դրսևորումներից էր Արցախի հիմնախնդրի շուրջ քննարկումների վերսկսումը։ 1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում, որոշում էր կայացվել ԼՂԻՄ-ն Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիացնելու համար ադրբեջանական և հայկական ԽՍՀ ԳԽ-ներին դիմելու մասին։
Ինքնորոշման իր իրավունքն իրացնելու մասին արցախահայության այս արդար և օրինական որոշմանն ի պատասխան՝ 1988 թվականի փետրվարին Ադրբեջանի հայաբնակ վայրերում սկսվել էին ջարդերն ու հայ բնակչության զանգվածային տեղահանությունները։ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնությամբ ճնշելու Բաքվի քաղաքականության առաջին զոհը Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունն էր։ Ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող այս քաղաքում 1988 թվականի փետրվարի 27-29-ը բնաջնջվել է հայ բնակչությունը՝ բացառապես ազգային պատկանելության պատճառով։
Ջարդերի կազմակերպումը
Ջարդերին նախորդել էին հակահայ տրամադրությունների միտումնավոր հրահրումը, սադրանքները, հանրահավաքները, հայերին ոչնչացնելու ու տեղահանելու կոչերը։ Ոճրագործությունը ծրագրավորված էր նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված էր հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապօգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի էր դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։
Այնուհետև, 10-50 հոգանոց ադրբեջանցիների խմբերը, գործելով նախապես պատրաստված քարտեզների համաձայն, սիստեմատիկ կերպով «մաքրել են» քաղաքը հայերից, մինչդեռ խորհրդային և տեղական անվտանգության ուժերը մնացել են բացարձակապես անգործունյա։ Բազմաթիվ տեղեկություններ կան զանգվածային սպանությունների, խոշտանգումների և բռնության այլ ակտերի մասին, որոնք կատարվել են բացառիկ դաժանությամբ: Հազարավոր հայեր, զրկված իրենց ունեցվածքից ու ապրուստի միջոցներից, վտարվել են քաղաքից։
էությամբ, իրականացման մեթոդներով և նպատակներով այս ջարդերը դարձել են 20-րդ դարասկզբին մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկը։ Սումգայիթյան ջարդարարների մեթոդները հետագայում բնորոշ են դարձել Ադրբեջանում ծավալված հակահայկական այլ բռնի գործողությունների համար։
Սումգայիթի ջարդերի զոհերը և հայերի կորուստները
Պաշտոնական տվյալներով՝ սումգայիթյան ջարդերի հետևանքով զոհվել է 26 հայ, ավելի քան 400 մարդ տարբեր աստիճանի ծանրության վիրավորում է ստացել։ Հարձակման է ենթարկվել և թալանվել մոտ 200 բնակարան, վնասվել են ավելի քան 50 մշակութային և հասարակական օբյեկտներ, ինչպես նաև ավելի քան 100 ավտոմեքենա։ Ողբերգության իրական մասշտաբները մինչ օրս անհայտ են մնում։ Բայց կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ զոհերի և վիրավորների իրական թիվը բազմապատիկ ավելին է, քան պաշտոնական տվյալները։
Խորհրդային իշխանությունների անգործությունը և ջարդարարների անպատժելիությունը
Փետրվարի 28-ի երեկոյան՝ ջարդերի մեկնարկից երկու օր անց, Սումգայիթ էին բերվել առաջին բանակային ստորաբաժանումները, սակայն նրանց արգելվել էր զենք կիրառել ջարդարաների դեմ։ Զորքերի անգործությունը և ամենաթողությունը հանգեցրել են նրան, որ զինվորներն իրենք են ենթարկվել հանցագործների հարձակմանը։ Միայն փետրվարի 29-ի երեկոյան խորհրդային բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են վճռական գործողություն, որից հետո կասեցվել է հայ բնակչության ջարդը։
Սումգայիթի դեպքերի փաստերով ԽՍՀՄ դատախազությունը քրեական գործեր էր հարուցել, սակայն հետաքննությունը բաժանվել էր 80 առանձին դրվագների, իսկ դատավարությունները հիմնականում տեղի են ունեցել Ադրբեջանում։ Գործի առանձին դրվագների բաժանումը և թերի հետաքննության կազմակերպումը բացառել են հանցագործության իրական կազմակերպիչներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։ Բոլոր մեղադրական եզրակացություններում և դատավճիռներում հանցագործությունները որակվել են որպես «խուլիգանական դրդումներից ելնելով»։
Հանցագործությունը հերքելու Բաքվի փորձերը և կեղծ մեղադրանքները
Ադրբեջանի իշխանությունները դեռևս չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը և ներողություն չեն խնդրել տեղի ունեցած էթնիկ զտումների համար։ Ընդհակառակը, Բաքուն այս իրադարձություններում ներկայանում է որպես զոհ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյության պայքարը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն խեղաթյուրելով փաստերը, իսկ հայերի դեմ ցեղասպանություն իրականացրած հանցագործները դեռ անպատիժ են մնում։
Սումգայիթյան ջարդերը չեն ստացել համապատասխան քաղաքական և իրավական գնահատական, ինչը նպաստել է Ադրբեջանում հակահայկական բռնությունների հետագա աճին և նոր զանգվածային սպանություններին։ Ադրբեջանի հայաբնակ շրջաններում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամախի, Շամխոր, Բաքու) 1988-1990 թվականներին իրականացված ջարդերի հետևողական և նույնական լինելը վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող պետական նպատակաուղղված քաղաքականության մասին։
Բացի դրանից, ներկայումս Ադրբեջանի իշխանությունները հայերին և Հայաստանին մեղադրում են Խոջալուի տեղի բնակչության նկատմամբ իբր «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։ Այս տեղեկությունը բազմիցս հերքվել է ամենաբարձր մակարդակով, սակայն Բաքվից հնչող մեղադրանքներն ու պահանջները չեն դադարում։