Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին կայացած ասուլիսում անթույլատրելի է համարել Արցախից բռնի տեղահանված, երիկամային անբավարարություն ունեցող Դավիթ Գրիգորյանին անձնագիր տրամադրելու գործընթացը ձգձգելու մասին դեպքը, որի մասին Armenia Today-ին ահազանգել էր Գրիգորյանի կինը՝ Արգինե Գրիգորյանը։
Armenia Today-ն օրերս ահազանգ էր ստացել Գրիգորյանից այն մասին, որ ամուսնուն ամիսներ առաջ նախ սխալմամբ փախստականի կարգավիճակ են տվել․ Գրիգորյանն ապրել է Արցախում, բայց ծնունդով Հայաստանի Հանրապետության Հրազդան քաղաքից է։
Կինը հայտնել էր, որ սխալմամբ փախստականի կարգավիճակ ստանալուց հետո հունիսին ամուսինը կրկին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց մինչև օրս անձնագիր չի ստացել, ինչը կրկնակի խոչընդոտներ է առաջացնում՝ հաշվի առնելով առողջական վիճակը։ Անձնագրի պատճառով ընտանիքը չի կարողանում օգտվել նաև բնակարանային ապահովման ծրագրից։
Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ ամուսնու համար դոնոր են գտել, բայց առանց անձնագրի փոխպատվաստում հնարավոր չէ։ Նրա խոսքով՝ Հրազդան քաղաքի անձնագրային բաժնում հստակ չեն ասել, թե ինչու է հունիսից ձգձգվում գործընթացը։ Անձնագրային բաժնում, կնոջ փոխանցմամբ, նաև կոռեկտ չեն խոսել ամուսնու հետ՝ ասելով՝ անձնագիրը «երբ կլինի՝ կլինի»։
Գրիգորյաններն ավելի վաղ դիմում բողոք են ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղից այն հասցեագրել են ՀՀ պաշտպանության նախարարություն, քանի որ նախևառաջ Հրազդանի զինկոմիսարիատում պետք է հաշվառման ներկայացնեն, որպեսզի կարողանա անձնագիր ստանալ։
«Եթե բոլոր պարամետրերով այդպես է, ապա անընդունելի և անթույլատրելի է»,- արձագանքելով դեպքին՝ նշել է Փաշինյանը։
Փաշինյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան անդրադաձել է նաև արցախցիների կողմից բնակարանային ապահովման ծրագրին դիմելու պասիվությանը։ Նա հայտնել է, որ վերջերս քննարկել են հարցը, թե ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն ինչու բավարար չափով չեն դիմում բնակարանի ապահովման ծրագրին։ Պատճառներից մեկը, վարչապետի խոսքով, այն է, որ աջակցության ծրագրերն ինչ-որ առումով խոչընդոտում են բնակարանային ապահովման ծրագրին դիմելու գործընթացին։
«Մարդիկ ասում են՝ դե ստանում ենք աջակցություն, կդիմենք էլի, լավ-վատ՝ «յոլլա» ենք գնում, երբ ծրագիր չի լինի, նոր կմտածենք՝ դիմե՞նք, թե՞ չդիմենք»,- ասել է նա:
Նա անդրադարձել է նաև Արցախից բռնի տեղահանվածների՝ այլ երկրներ արտագաղթելու վերաբերյալ հարցին։
«Մարդկանց հոսք կա, բայց դեռ պետք է նույնականացնեք, հասկանանք՝ նույն մարդը գնացել ու չի եկե՞լ։ Չեմ բացառում և հավանականություն կա, որ մարդկանց մի մասը գնացած կլնի»,- հավելել է նա և նշել, որ փաստ չէ, որ այդ մարդիկ երբևէ չեն վերադառնալու։
«Շատերը ՌԴ-ում ունեն ազգականներ, ընտանիքի անդամներ, գնացել ապրում են իրենց մոտ»,- շեշտել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։