Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի Արցախում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների՝ իրենց տները վերադառնալու արժանապատիվ իրավունքը, հայտնում են ԵԽ մամուլի ծառայությունից:
Հաղորդում են, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն ավարտել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցը, որի ընթացքում կենտրոնացել է հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակի վրա։
«Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան հասած ավելի քան 100 600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին, որոնք զգացել են ղարաբաղցի հայերն իննամսյա արգելափակման արդյունքում: Նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»,- ընդգծել է հանձնակատարը:
Միյատովիչը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պետական շրջանակների հետ:
Նա այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձոր և Ծաղկաձոր քաղաքների տեղահանվածների ապաստարաններ, որտեղ զրուցել է արցախցի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Միյատովիչը եղել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում և ցնցվել է տեսնելով, որ Ստեփանակերտը գրեթե ամբողջությամբ դատարկվել է:
Երկու երկրներ կատարած այցի ընթացքում հանձնակատարը լսել է մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին զեկույցներ՝ կապված երկարատև հակամարտության հետ:
Հիշեցնենք, որ Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ն այցելել էր Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ։ Միյատովիչը հայտարարել էր, որ հատուկ ուշադրություն կդարձնի հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների հետ կապված իրավիճակին։